Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

«Հայաստանին պետք են նոր ուժեր. եղածներն իրենց սպառել են»

«Հայաստանին պետք են նոր ուժեր. եղածներն իրենց սպառել են»
24.06.2013 | 16:01

irates.am-ի հարցազրույցը «Հայկական վերածնունդ» («Ռենեսանս Արմենիա») շարժման ամերիկյան մասնաճյուղի անդամ ՆՈՐԻԿ ՄԱՐԿՈՍՅԱՆԻ հետ:


-Ե՞րբ է ստեղծվել կառույցը, ի՞նչ է իրենից ներկայացնում, և որո՞նք են նպատակները:
-«Հայկական վերածնունդ» շարժումն ստեղծվել է 2012-ի դեկտեմբերին Հայաստանով մտահոգ մի խումբ մարդկանց կողմից և շատ արագ տարածվել է տարբեր երկրներում: Այս կարճ ժամանակահատվածում 8 երկրում մարդկանց խմբերն ինքնակազմակերպվեցին և համախմբվեցին ոչ թե առաջնորդի, անձի, այլ գաղափարի շուրջ: Մեր գլխավոր նպատակն է Սփյուռքին մասնակից դարձնել Հայաստանի հասարակական, քաղաքական և տնտեսական կյանքին: Մենք կարծում ենք, որ Հայաստան-Սփյուռք համագործակցության ներկա ձևաչափն իրեն սպառել է, և վերջինիս դիտարկումը լոկ որպես ֆինանսավորման կամ բարեգործության աղբյուր, մեծագույն սխալ է:
-Իմ տեղեկություններով` այն ստեղծվել էր Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու համար, այդպե՞ս է:
-Իհարկե` ոչ: «Հայկական վերածնունդը» ստեղծվել է անկախ քաղաքական գործընթացներից և չի կարող «ստեղծված լինել սատարելու համար»: Այն սատարում է Հայաստանում առկա այն քաղաքական-հասարակական շարժումները, որոնք նպաստում են մեր երկրում ճշմարիտ ներկայացուցչական իշխանության ստեղծմանը: Ընտրությունները, մեր խորին համոզմամբ, կեղծված էին, և երբ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստակամություն հայտնեց պայքարելու արդարության համար, բնականաբար, արժանացավ մեր հավանությանը և աջակցությանը: Սակայն ժամանակն ամեն ինչ դրեց իր տեղը:
-Հայաստանյան քաղաքական ո՞ր ուժերի հետ եք համագործակցում և ի՞նչ ձևաչափով:
-Սերտ համագործակցում ենք «Նախախորհրդարանի», բնապահպանների, «Սարդարապատ» շարժման և այլ ակտիվիստների հետ: Համագործակցության ձևաչափը «Հայկական վերածնունդ» շարժման ամեն մի մասնաճյուղ ընտրում է յուրովի` տեղեկատվական աջակցությունից մինչև նյութականը:
-Ինչպե՞ս եք պատկերացնում ձեր գործունեությունը հայրենիքից դուրս, որքանո՞վ այն կարող է արդյունավետ լինել:
-Այն արդեն իսկ արդյունավետ է: Երբ հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու միանում են հայեր, տարբեր երկրների քաղաքացիներ լինելով համախմբվում են Հայաստանին օգնելու գաղափարի շուրջ, սա արդեն իսկ հաղթանակ է: ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը Սփյուռքի նկատմամբ մարդկանց մոտ ստեղծել է անտարբերության մթնոլորտ: ՀՀ իշխանությունները Սփյուռքը հիշում են միայն այն ժամանակ, երբ խոսքը ֆինանսական օգնությանը կամ որևէ պարտականության կատարմանն է վերաբերում: Բայց երբ հարցն առնչվում է իրավունքին, անմիջապես անջրպետ է առաջանում: Օրինակ, ըստ ՀՀ օրենքի` Հայաստանի քաղաքացի հանդիսացած անձանց երեխան համարվում է ՀՀ քաղաքացի` անկախ նրանից, թե որ երկրում է ծնվել, և 18 տարին լրանալուց հետո պարտավոր է ծառայել ՀՀ բանակում: Սակայն ո՛չ նա, ո՛չ իր ծնողները չունեն ընտրելու իրավունք, չնայած այն բանին, որ ՀՀ Սահմանադրության մեջ բառ անգամ չկա, որ ՀՀ տարածքից դուրս ապրելը կարող է խոչընդոտ հանդիսանալ համապետական ընտրություններին մասնակցելու համար: Այս և ուրիշ շատ հարցեր մաս են կազմում «Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է» կարգախոսի, որը մենք ուզում ենք կյանքի կոչել: Մեր շարժման միջոցով սփյուռքի մեր հայրենակիցները հնարավորություն են ստանում մասնակցելու այս գործընթացին:
- Ովքե՞ր են «Ռենեսանսի» անդամները:
-«Հայկական վերածննդի» ԱՄՆ-ի մասնաճյուղը այս իմաստով շատ քիչ է տարբերվում մյուս մասնաճյուղերից: Մեզ մոտ հավաքվել են տարբեր տարիքի և մասնագիտության մարդիկ: Կան Հայաստանում, Լիբանանում, Պարսկաստանում, ԱՄՆ-ում ծնված մարդիկ, ունեն տարբեր երկրների քաղաքացիություն, սակայն բոլորին միավորել է Հայաստանին այս իրոք դժվար ժամանակներում օգնելու ցանկությունը: Մեր շարքերում ունենք հրապարակախոսներ, համակարգչային ինժեներներ, բիզնեսմեններ, լրագրողներ, ճարտարապետներ, տարբեր զբաղմունքների ու հետաքրքրությունների տեր մարդիկ, որոնք համախմբվել ու ինքնակազմակերպվել են:
-Ինչպե՞ս եք գնահատում այսօր հայաստանյան քաղաքական ուժերի, նկատի ունեմ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ուժերի, գործունեությունը:
-Հիմա Հայաստանում, բացի ՀՀԿ-ից, կարծես թե բոլորն էլ ընդդիմություն են: Ոմանք խաղում են այդ դերը, մյուսները վերցրել են այդ պարտականությունը: Մեր խորին համոզմամբ, Հայաստանին այսօր պետք են նոր մտածողությամբ և համակարգային փոփոխություններ իրականացնելու ունակ նոր ուժեր: Եղածներն իրենց հնարավորություններն սպառել են` առանց որևէ էական արդյունքի: Անձերի փոփոխություն այս 20 տարվա մեջ տեսել ենք, հիմա ժամանակն է նոր արժեհամակարգ ստեղծելու, որ, ասենք, ՀՀ վարչապետի օգնականը և ՀՀԿ խորհրդի անդամը սփյուռքահայերին չհամարի գլենդելյան թափթփուկ, որ քաղաքական տարբեր հայացք ունեցողները չընկալվեն որպես թշնամիներ: Ի վերջո, հասկանան, որ իշխանությունը վերից տրված պարգև չէ, այլ պարտականություն: Միգուցե շատ իդեալիստական է հնչում, բայց մեր նպատակը նման Հայաստանի կերտումն է:
-Հայաստանից հիմա շատ են արտագաղթում, հանդիպե՞լ եք Միացյալ Նահանգներում նոր արտագաղթածների, ի՞նչ են պատմում նրանք, ինչո՞ւ են եկել:
-Բնականաբար, հանդիպել ենք: Տարբեր մարդիկ են գալիս, և՛ նրանք ովքեր Հայաստանում բավական ամուր հիմքերի վրա են եղել, և՛ նրանք, ովքեր եկել են իրենց բախտն այստեղ փորձելու և ոտքի կանգնելու: Հիմնականում պատճառը մեկն է` հույսի բացակայությունը:
- Բավական բարդ աշխատանք եք սկսել: Ի՞նչ է անհրաժեշտ, ըստ Ձեզ, այդ նպատակները կյանքի կոչելու համար:
-Երկու հիմնական գործոն` սփյուռքի մարդկային ռեսուրսի վերաձևակերպում` «Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է» կարգախոսի ներքո և Հայաստանում ապրող մեր հայրենակիցները պետք է դուրս գան հուսալքված վիճակից ու սկսեն ակտիվորեն մասնակցել համակարգային փոփոխություններ բերող գործընթացներին:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2717

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ